3 հունիսի 2025 - 16:46 AMT
Մարուքյան․ Լրջագույն խնդիրներ կան, բայց մենք կրկին զբաղված ենք անհեթեթություններով

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի առաջ ծառացած լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ կան այսօր, բայց մենք «կրկին զբաղված ենք անհեթեթություններով»։

Նա հիշեցրել է, որ 2019 և 2020 թվականներին քաղաքական, հասարակական, գիտական, մեդիա, ակտիվիստական ու նույնիսկ ռազմական շրջանակների մտավոր ներուժը կենտրոնացած է եղել միայն մեկ՝ իշխանությունների կողմից ստեղծված և առաջ մղված թեմայի վրա, որն ամբողջությամբ հեղեղել է հանրային դաշտը՝ խոչընդոտելով այլ կենսական հարցերի քննարկումը։ Այդ թեման Սահմանադրական դատարանի ճգնաժամն է եղել։

«Եթե կարճ՝ դա մի անհեթեթություն էր, որի միջով մենք բոլորս անցանք։

Այս օրերին Հայաստանի Հանրապետության հասարակական ամբողջ միտքը կենտրոնացած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, սրբազանների սեռական կյանքի ու անկողինների, կուսակրոնության և եկեղեցու ներքին խնդիրների վրա։ Բոլորի միտքը դրանով է զբաղված՝ թիվ մեկ մարդուց մինչև վերջինը։

Ցանկանում եմ հիշեցնել, որ 2019–20 թվականներին մտավոր ռեսուրսը սխալ ուղղությամբ աշխատացնելու և կիրառելու արդյունքում մեր պետությունը պատերազմի հանգեց։ Կործանարար պատերազմի, որի ալիքներից մինչ օրս ջախջախիչ հարվածներ է ընդունում։

Մեր առջև ծառացած լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ կան այսօր, բայց մենք կրկին զբաղված ենք անհեթեթություններով։ Անհրաժեշտ է սթափվել և որքան հնարավոր է շուտ կանգնեցնել այն գործընթացը, որը պայթյունից առաջ սկսվող հետհաշվարկ է հիշեցնում»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։