Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում, ըստ էության, պետականության առավել առանցքային հիմնասյուններից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը, կհաղթահարի այն և հընթացս կշարունակի ազգապահպան իր առաքելությունը:
«Սիրելի հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կրավորական քայլ, որքան էլ այն գայթակղիչ ու կառուցողական թվա, ինչի համակիրները՝ տարբեր շարժառիթներով կամ պարզապես զուտ ազնիվ մղումներով քիչ չեն, ոչ միայն չի դադարեցնի այս հակաեղեցական շարժումը, այլև պարարտ հող է ստեղծելու դրա համար: Այնպես որ, մի տրվեք էժանագին սադրանքների և իբր համարժեք հանգուցալուծումներ առաջարկեք:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում, ըստ էության, պետականության առավել առանցքային հիմնասյուններից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը, ուստի իր հավատավոր զավակների միահամուռ ջանքերով կհաղթահարի այն և հընթացս կշարունակի ազգապահպան իր առաքելությունը:
Մեկ անգամ ևս, խնդրում եմ ընկալել, որ սա Երկրի ու ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող արհեստական օրակարգ է, որով, ցավոք, գայթակղվել են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ադրբեջանական հանրությունը: Զավեշտն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ևս, մոռանալով իր բազում ներպետական հոգսերը, մեր հաշվին ակամա դարձել է իբր իրեն անչափ հուզող թեմայի հրճվող ունկնդիր:
Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, որոնք այս օրերին դրսևորում են արժանապատիվ քաղաքացիական կեցվածք և ողջախողությամբ են ընկալում հակաեղեցական արշավն ու այդ առնչությամբ Հայ Եկեղեցու կեցվածքը:
Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը...»,- նշել է Դանիելյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։