3 հունիսի 2025 - 16:57 AMT
ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ պաշտոնյան քննարկել են ՀՀ–ում կայանալիք COP17-ի նախապատրաստական գործընթացը

Համբուրգում կայացած կայուն զարգացման թեմայով ամենամյա համաժողովի շրջանակում արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Գայ Ռայդերի հետ, հայտնում է ԱԳՆ–ն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17–ի կազմակերպման և ընթացիկ պատրաստվածության հարցերը, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2026 թվականին։

Զրուցակիցները քննարկել են «ՄԱԿ80» նախաձեռնության դրույթներն ու դրա ներքո նախատեսվող հիմնարար բարեփոխումների ընթացքը։ Աբիսողոմոնյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը։

Նա անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակային փաստաթղթի նախապատրաստական աշխատանքներին, որը նախատեսվում է իրականացնել 2026-2030 թվականներին։ Փաստաթուղթը նպատակ ունի խթանել Կայուն զարգացման 2030 օրակարգի կիրառումն Հայաստանում՝ ՄԱԿ գործակալությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով։

Հայաստանն ընտրվել է որպես 2026 թվականի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկիր։ այաստանին վստահվել է Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերը մեկտեղելու և առաջ մղելու, մարդկության դեմ ծառացած արդի բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը նպաստելու պատասխանատու աշխատանքը։