Երևանում տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գնել նախատեսված շարժակազմի մեծ մասը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս տարի քաղաքապետարանը նախատեսել և հայտարարել էր, որ ձեռք է բերելու 45 տրոլեյբուս, պարզվում է՝ դրանցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ թերհավաքագրումների պատճառով գումար չկա։ Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուս էլ Երևանի քաղաքապետարանը չի կարող ձեռք բերի»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել և 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ընդհանուր հաշվով՝ հավաքագրվել է 6 մլրդ 30 մլն դրամ։
Ըստ նրա, անգամ այն մարդիկ, որոնք պարտաճանաչ վճարում էին, տեսնելով, որ չկա հսկողություն, մնացած չվճարողների նման իրավիճակից օգտվում են ու չեն վճարում։
«Չվճարումները բերել են բյուջեի որոշակի խնդիրների, և քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթությունից, գումար կտրել ու ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում»,- ասել է նա։
Ըստ Կոստանյանի, ուղեվարձի չվճարման համար նախատեսված վարչական պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայում գտնվում է Ազգային ժողովում, և տուգանքների սահմանման հարցն այժմ գտնվում է օրենսդիրների քննարկման տիրույթում։
Հունվարի 1-ից ւժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում՝150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։