Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտարարել է, որ չգիտի՝ եկեղեցու հետ կապված հարցերում որ հարցերն են իրենց գործը, որոնք՝ ոչ, բայց մի բան հստակ գիտի՝ Բագրատ Սրբազանի ասածն իր գործն է։
«Մայիսի 30–ին Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ տարբեր «աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ» իրեն ասել են հետևյալը․
«Ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կիլոմետրաժը կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն ԼԳԲՏ–ների բուծման վայրեր, որտեղ կլինեն ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայր, որտեղ սահմանները կարևոր չեն, ազգային արժեքներ և այլն, սրանք մոռացեք ամբողջությամբ, որը կլինի թմրանյութերի տարանցիկ միջանցք կամ կիրառման վայր, որը կլինի փողերի լվացման տարանցիկ միջանցք կամ վայր․․․․ եթե դուք այս (իշխանության) փոփոխությունը չբերեք ձեր երկրում»
Այսինքն ստացվում է հետևյալը․ օտարերկրյա ուժային կենտրոնները կապ են հաստատել ՀԱԵ արքեպիսկոպոսի հետ, նկարագրել են Հայաստանը «սոդոմ գոմորի» վերածելու սցենար և նրան հորդորել են այս հիմքով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։
Եթե Գերաշնորհ Տերը ճիշտ է ասում, ապա ես չեմ կարող նրա առաջնորդած «Սրբազան շարժումը» անվանել որևէ այլ կերպ, քան Հայաստանում օտարերկրյա ուժերի կողմից իրականացված հեղաշրջման փորձ, Գերաշնորհ Տիրոջն էլ չեմ կարող անվանել որևէ այլ կերպ, քան օտարերկրյա ուժային կենտրոնների ազդեցության գործակալ։
Հույս ունեմ, որ Գերագույն հոգևոր խորհուրդը և Բագրատ սրբազանի անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ–ն կպարզաբանեն այս հարցը ևս։
Չգիտեմ՝ եկեղեցու հետ կապված հարցերում որ հարցերն են մեր գործը, որոնք ՝ ոչ, բայց այս մեկը հաստատ իմ գործն է ու մեր գործն է»«–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։