3 հունիսի 2025 - 17:56 AMT
Աղազարյան․ Ծանոթացել ենք ՄԱՍԿ կուսակցության գրանցումը մերժելու հիմնավորմանը, պետք լինի՝ կդիմենք դատարան

Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից մերժվել է Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից հիմնված նոր քաղաքական ուժի՝ ՄԱՍԿ կուսակցության գրանցումը։

«Ծանոթացել ենք մերժման հիմնավորմանը, այս պահին մասնագետներն ուսումնասիրում են, թե դրանք որքանով են հիմնավոր և ինչ հետագա քայլեր պետք է իրականացնենք»,-ասել է Աղազարյանը, գրում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե իրավաբանների ուսումնասիրություններից հետո, առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կորոշեն՝ ո՞ր ճանապարհով գնալ՝ դիմել դատարա՞ն, նորի՞ց ներկայացնել փաստաթղթերը, թե՞ նոր համաժողով անցկացնել.

«Եղածին քաղաքական գնահատական տալ չեմ ուզում, որովհետև դրանից ի՞նչ պետք է շահեմ։ Եթե տեսնենք, որ մերժումը հիմնավոր չէ, ապա կդիմենք դատարան։ Եթե ենթադրենք, որ իշխանություններն արհեստականորեն ձգձգում կամ արգելափակում են կուսակցության գրանցումը, ասեմ, որ դրանով մեր գործունեությունը էապես շատ չի տուժում»,-ասել է նա։

Հարցին՝ արդյոք կարող են այլ մեթոդներով փորձել գրանցել կուսակցությունը, օրինակ՝ այլ անվամբ կամ այլ հիմնադիրներով, Աղազարյանը հստակեցրել է, որ կուսակցության անունը չեն պատրաստվում փոխել։

«Չէ, անվանումը չենք փոխի։ Եթե իրավաբանները կտեսնեն, որ պետռեգիստրի դիտողությունները հիմնավորված են, ապա նոր համաժողով կհրավիրենք, կվերացնենք առկա թերությունները։ Ամեն ինչ կանենք, որ գրանցվենք»,–ասել է պատգամավորը։

Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի տեղին՝ Աղազարյանը ներկայացրել է ներկայիս քաղաքական քարտեզը որպես շրջան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեսնելով ձախ հատվածում, Քոչարյան-Սարգսյան առանցքի ուժերը՝ աջում, իսկ իրենց՝ որպես անկախ դիրքավորված ուժ։

«Քաղաքական դաշտը դիտարկենք որպես մի շրջան, դրա ձախ մասը ՔՊ-ն է և «Եվրոքվե»-ն, աջ մասում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցի շուրջ հավաքված ուժերն են։ Սեպի նման մի հատվածն այսօր գտնվում է այն կարգավիճակում, որ ոչ նրանց են ուզում, ոչ էլ՝ նրանց։ Մենք մեզ տեսնում ենք այդ տիրույթում և անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ այդ տիրույթում գտնվող քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու առաջարկ անելու համար։ Մենք դեռ այդ քաշը չունենք, որպեսզի այդպիսի նախաձեռնությամբ հանդես գանք, բայց առաջարկելու ենք որպես տարբերակ համախմբվել առաջնային գաղափարի շուրջ։ Իսկ այդ գաղափարը հետևյալն է՝ «Քաղաքացիական պայմանագրին» հեռացնում են իշխանությունից, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքն ինչքան հնարավոր է, դուրս են մղում քաղաքական դաշտից, մեկ տարով ձևավորում են իշխանություն։

Դրանից հետո արդեն իմ նշած սեկտորի քաղաքական ուժերը կարող են վերախմբավորվել կամ առանձին ներկայանալ ժողովրդին»,–ասել է Աղազարյանը։