3 հունիսի 2025 - 18:09 AMT
Գրիգորյանը՝ Վիեննայում․ Ադրբեջանը որպես ԵԱՀԿ անդամ պարտավոր է զերծ մնալ ԼՂ–ում հայկական հետքը ոչնչացնելուց

Հունիսի 2-3-ը Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ լրացուցիչ մարդասիրական ոլորտի խորհրդաժողովին «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը մասնակցել է «Ներառումը՝ որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց» թեմայով նիստին։

Հունիսի 2-ին կայացած՝ «ԵԱՀԿ տարածաշրջանում անհանդուրժողականության և խտրականության հաղթահարում՝ համապարփակ հարգանքի և ներառականության միջոցով» խորագրով նիստում Գրիգորյանը ներկայացրել է զեկույց Ադրբեջանի իշխանությունների կողմից համակարգված կերպով խթանվող ռասայական խտրականության և հայատյացության վերաբերյալ։ Նա անդրադարձել է այդ քաղաքականության դրսևորումներին՝ պատերազմական հանցագործություններին, էթնիկ զտումներին, ցեղասպան բնույթի գործողություններին, բռնի տեղահանություններին և Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հայկական ժառանգության ոչնչացման, յուրացման և աղավաղման դեպքերին։

Իր ելույթում կազմակերպության նախագահը շեշտել է, որ ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, պարտավոր են հետևել միջազգային իրավունքի ստանդարտներին, հարգել մարդու հիմնարար իրավունքները և զերծ պահել հայ ժողովրդին էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունքից, ԼՂ տարածքի հայկական հետքը ոչնչացնելու հաշվին ադրբեջանական նոր ինքնություն ձևավորելու և հայկական պատմական լանդշաֆտը իսլամացնելու վտանգավոր քաղաքականությունից։

Գրիգորյանը հղում է արել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացրած որոշմանը, ըստ որի Ադրբեջանը պարտավորվել է կանխել ռասայական ատելության և խտրականության հրահրումը, այդ թվում՝ պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների կողմից, ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը՝ կանխելով դրա պղծումն ու ոչնչացումը, ինչպես նաև երաշխավորել գերի ընկած անձանց իրավունքների պաշտպանությունը։

Բացի այդ, ելույթում հիշեցում է արվել Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևերի մասին (2023/2119(INI), 2024/2890(RSP)), որոնք դատապարտել են Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները և մարդու իրավունքների զանգվածային խախտումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։

Գրիգորյանը հորդորել է ԵԱՀԿ-ին և միջազգային հանրությանը ձեռնարկել գործուն քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, պաշտպանելու նրանց արժանապատվությունը, հողին և ունեցվածքին վերաբերող իրավունքները։

Նա առաջարկել է.

  • պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու բռնի տեղահանվածների ինքնության պահպանումը՝ հաշվի առնելով նրանց կրած ահաբեկումը, պատերազմական հանցանքներն ու կտտանքները,
  • միջազգային վերահսկողության և անվտանգության նորմերի պահպանմամբ երաշխավորել դեպի Լեռնային Ղարաբաղի սրբավայրեր ուխտագնացությունների իրականացումը,
  • պաշտպանել բռնի տեղահանվածների քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքները՝ բացառելով այնպիսի հռետորաբանությունը, որը կարող է խտրական վերաբերմունք հրահրել հայ ժողովրդի հանդեպ։