3 հունիսի 2025 - 18:27 AMT
Աղազարյան․ Պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, եկեղեցին էլ՝ քաղաքականությանը

նախկին քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը խիստ անընդունելի Է համարում վարչապետի կողմից հնչող գնահատականները հոգևոր կառույցի հասցեին՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների հավասարակշռության խախտման տեսանկյունից, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ պատգամավորի՝ ներկա իրավիճակը կարող է լինել նպատակաուղղված և կապված է սպասվող վտանգավոր զարգացումների հետ։

«Մարդիկ գիտեն իմ վերաբերմունքը եկեղեցու և կրոնի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ամենասարսափելի բանը, որ մարդկությունը ստեղծել է՝ կրոնն է։ Աթեիստ չեմ, հավատացյալ էլ չեմ, բայց ես ինձ համարում եմ քրիստոնյա, որովհետև այդ արժեհամակարգը կիսում եմ։ Այս համատեքստում համարում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հսկայական կարևոր դերակատարություն է ունեցել հայապահպանության գործում»,–ասել է նա։

Աղազարյանը խիստ անընդունելի է համարում վարչապետի գնահատականները հոգևոր կառույցի հասցեին՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների հավասարակշռության խախտման տեսանկյունից։

«Այս փոխադարձ վիրավորանքները, որի նախաձեռնողը վարչապետն է, շատ անընդունելի են ինձ համար։ Ես այն սկզբունքի տերն եմ, որ պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, եկեղեցին էլ՝ քաղաքականությանը»,–նշել է նա։

Նա միաժամանակ նշել է, որ եթե որևէ հոգևորական օրենք է խախտել, ապա պետք է պատասխան տա բացառապես իրավական ճանապարհով՝ առանց անձնական տիրույթ ներխուժելու.

«Եթե որևէ եկեղեցական թույլ է տվել հանցագործություն՝ ըստ Քրեական օրենսգրքի, ապա տվյալ անձը պետք է պատասխան տա օրենքի առաջ։ Բայց որևէ մեկն իրավունք չունի իր կեղտոտ մտքերով, ձեռքերով, ոտքերով մտնել մեկ ուրիշի անձնական տիրույթ»,–ասել է Աղազարյանը։

Սակայն, Աղազարյանի համար, այս ամենը երկրորդական են ներկա իրավիճակում, կարևորն այլ բան է։

«Այս ամեն ինչը երկրորդական է։ Ես անհանգստություն ունեմ, որ վարչապետը փորձում է ինչ-որ իրավիճակ ստեղծել, որովհետև առաջիկայում հնարավոր է ստորագրվեն փաստաթղթեր, որոնք կարող են ճակատագրական լինել մեր պետության համար»,-եզրափակել է Հովիկ Աղազարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։