4 հունիսի 2025 - 10:21 AMT
Սահակյան․ Շվեյցարիան պատրաստ է աջակցել գերիների տեսակցության կազմակերպմանը՝ ՀՀ–ն պետք է հայտ ներկայացնի

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասել է, որ Հայաստանն ունի այլընտրանքային հնարավորություններ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց այցելելու հարցում։ Նա նշել է, որ գոյություն ունեն այլընտրանքային մեխանիզմներ, որոնց կիրառման ուղղությամբ Հայաստանը պետք է հստակ գործողություններ իրականացնի, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նաև հայտնել է, որ Շվեյցարիան պատրաստակամ է աջակցել գերիների տեսակցության կազմակերպմանը, սակայն ՀՀ–ն պետք է պաշտոնապես հայտ ներկայացնի։

«Երբ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վատ են կամ բացակայում են, հումանիտար բնույթի նման հարցերում ներգրավվում է երրորդ երկիր, որը ստանձնում է գերիներին տեսակցելու և նրանց մասին տեղեկություններ փոխանցելու գործառույթը։ Մեր հասարակական կազմակերպությունն այս հարցով դիմել էր Շվեյցարիային։ Նրանք պատրաստակամություն էին հայտնել ստանձնել այդ պատվիրակի դերակատարումը։ Պարզապես անհրաժեշտ է, որ հայտը պաշտոնապես ներկայացվի պետության կողմից»,- նշել է Սահակյանը։

«Վստահություն, իհարկե, չենք կարող ունենալ, որ Ադրբեջանը կընդունի այդ մոտեցումը, քանի որ գործ ունենք նման բնույթի պետության հետ։ Սակայն չընդունելն անպայմանորեն միջազգային բացասական արձագանքի կհանգեցնի, քանի որ գոյություն ունեն Հայաստանի սուվերեն իրավունքներ, որոնք կարող են իրացվել՝ ուղղակի կամ միջնորդավորված ձևով։ Եթե Ադրբեջանը համաձայնություն չտա, դա կնշանակի սուվերեն իրավունքների ոտնահարում։

Կան այլ հակամարտություններ, որտեղ նման մեխանիզմներն արդեն կիրառվել են՝ չեզոք երրորդ երկրի ներգրավմամբ։ Հնարավոր է՝ Ադրբեջանը քննարկման առարկա դարձնի այդ երկրի թեկնածությունը՝ չեզոքության ապահովման նպատակով։ Բայց չեզոք երկրի մերժումը միջազգային հանրության տեսանկյունից անընդունելի կլինի։ Եվ անգամ եթե նման զարգացում կանխատեսվում է, կարծում եմ՝ անհրաժեշտ է դիմել, ստանալ մերժում և բարձրաձայնել այդ փաստը։ Ինձ համար անթույլատրելի կլինի, եթե Հայաստանը չձեռնարկի նման քայլեր՝ չփորձի գտնել չեզոք երկիր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին՝ նախ պետք է քայլեր արվեն, ապա նոր գնահատել իրավիճակը»,- հավելել է Սահակյանը։

Նա ընդգծել է, որ նման հարցով կարող է դիմել բացառապես պետությունը, քանի որ դա ՀՀ սուվերեն իրավունքն է՝ այցելել օտարերկրյա պետություններում ազատազրկված իր քաղաքացիներին։ Միջազգային իրավունքը նախատեսում է մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ պետությունը չունի հյուպատոսական ներկայացուցիչ, որը կարող է կազմակերպել տեսակցությունները։ Այդ դեպքում պետությունը կարող է իր իրավասությունները պատվիրակել չեզոք երրորդ երկրին։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ արդյոք դիտարկո՞ւմ են այս տարբերակը գերիների հետ կապ պահպանելու համար։ ԱԳՆ-ն դրական պատասխան է տվել, սակայն առանց մանրամասների։

Սահակյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը դադարեցրել է համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, քանի որ չի ցանկանում, որ իր երկրում առկա հումանիտար խնդիրները բարձրաձայնվեն։

2023 թվականի մարտին Բաքվի պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանը չի երկարաձգում պայմանագիրը ԿԽՄԿ-ի հետ, որի միջոցով էլ պահպանվում էր կապը Բաքվում պահվող հայ գերիների հետ։