4 հունիսի 2025 - 10:30 AMT
Օդի որակի բարելավման Մադրիդի փորձը Երևանում կիրառելու պայմանավորվածություն է ձեռք բերվել

Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները, հայտնում է քաղաքապետարանը։

Կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 173 կայանից 2025թ. մարտ ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար՝ 37։ Այդ արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» աղտոտվածության միջակայքերում: