4 հունիսի 2025 - 10:41 AMT
Հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի անհետ կորածների հանձնաժողովների ներկայացուցիչները

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։

Նախորդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի փետրվարի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Կողմերը կարծիքներ էին փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է մոտ 200 հայ զինվոր։ Հայաստանը 44–օրյայից հետո Ադրբեջանին է փոխանցել 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։