Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հոգևորականներին առնչվող գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը:
«(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է և նա այս հայտարարությունն արել է երեկ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»,–գրել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։