4 հունիսի 2025 - 11:13 AMT
Ամիրբեկովը կրկին խոսել է «ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության» մասին

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և հարաբերությունների կարգավորման մասին։

Նշելով, որ այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար՝ նա հերթական անգամ խոսել է «ՀՀ սահմանդրությունը փոխելու անհրաժեշտության» մասին, որտեղ, ըստ նրա, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»,–հայտնում է 1news.az-ը։

Ամիրբեկովը նշել է, որ «Միջին միջանցքը նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծում Եվրոպայի և Ասիայի համար, իսկ Ադրբեջանը, իր աշխարհագրական դիրքի և վերջին տարիներին աճած քաղաքական կշռի շնորհիվ, դարձել է տարածաշրջանի առանցքային պետություն»։ Նրա խոսքով՝ երկիրը ոչ միայն «տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն է, այլև դառնում է Միջին միջանցքի կարևոր և անփոխարինելի հանգույց»։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։