4 հունիսի 2025 - 11:26 AMT
Գաբրիելյանը 12 տարի կասեցված է պահել թմրանյութի ապօրինի շրջանառության գործը

Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին ՝ ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի։

Գաբրիելյանը 12 տարի կասեցված է պահել թմրանյութի ապօրինի շրջանառության գործը, գրում է Factor.am-ը։

Ըստ համակարգում առկա տեղեկատվության՝ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահամադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրակականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։

Գալուստ Բախարի Խուրշուդյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն է՝ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործով ամբաստանյալ Զոհրաբ Անդրանիկի Սիխարուլիձեի /Յեզգատյան/ հետ, ինչպես նաև ընկերական հարաբերություններ ունենալով վերջինի վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի հետ, օժանդակել է վերջինիս կողմից Զոհրաբ Սիխարուլիձեից խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Զոհրաբ Անդրանիկի Սիխարուլիձեին /Յեզգատյան/ մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ հանդիսանալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործով ամբաստանյալ, իր վերաբերյալ քրեական գործը քննող դատավորին տվել է կաշառք՝ վերջինիս կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի գործողության և անգործության համար։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործը դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվում է 2011 թվականից, առնվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Մասնավորապես՝ մեղադրյալին վերագրվում է նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, որի համար սահմանվում է պատիժ՝ 7-ից 15 տարի ժամկետով։

Դատավոր Գաբրիելյանը գործը 2011 թվականի մարտին է ստացել, 5 ամիս անց՝ օգոստոսին մեղադրյալների մասով դատավճիռ է կայացրել, բացառությամբ մեկ մեղադրյալի՝ Զոհրաբ Յեզգատյանի, որի վերաբերյալ վարութը կասեցրել է՝ վերջինս՝ խրոնիկ հիվանդությամբ տառապելու հիմքով։

Այս որոշումից 12 տարի անց՝ 2023-ի հունվարի 30-ին Գաբրիելյանը որոշել է վերսկսել գործի վարույթը։