4 հունիսի 2025 - 12:33 AMT
Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ «ՀԱԵ ինքնակառավարմանը միջամտելու» փորձի համար

Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ քանի որ վերջինս «փորձում է միջամտել ՀԱԵ ինքնակառավարմանը» և աչքի է ընկել իր հոգևորականների հանդեպ «անզուսպ բառապաշարով և խտրական վերաբերմունքով»։ Զոհրաբյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել:

«Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ (1) հանրությանը ծառայելու գիտակցումը, (2) հավատարմությունը հանրային շահին, (3) բարեկրթությունը և հարգալիրությունը, (4) բարեխղճությունը, (5) օբյեկտիվությունը:

Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը:

Հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Այս և մյուս խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել: Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։