Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է վերահսկողություն պաղպաղակ արտադրողների շրջանում, ինչի արդյունքում մի շարք ապրանքանիշերի արտադրանքում արձանագրվել են խախտումներ՝ կապված ինչպես բաղադրության, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներ
Ներկայումս հայտնի են 7 արտադրողի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները՝ 6–ի մոտ խախտումներ են հայտանբերվել։
«Թամարա» ՍՊԸ-ի՝ «Թամարա» ապրանքանիշով թողարկված «Բրիկետ վանիլային», «СССР վանիլայի էսկիմո», «20 կոպեկ վանիլային» (կաթնայուղի փոխարինիչով), ինչպես նաև «Պլոմբիր վանիլ» և «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մինչդեռ «Արտսվիթ» ՍՊԸ-ի՝ «Շանթ» ապրանքանիշով թողարկված «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» պաղպաղակները չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մասի և աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշներին։ Վերջին երեքը նաև չեն համապատասխանել մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱնՄՔ) չափանիշներին։
«Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրանքում («Նաիրի Լենդ» ապրանքանիշ)՝ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլային ջնարակ» և «Բևեռ կոն» պաղպաղակներում արձանագրվել են խախտումներ կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշով, իսկ նշվածներից մի քանիսում նաև՝ ԱՑԽՄ և ՄԱՖԱնՄՔ մանրէաբանական ցուցանիշներով։
«Թամարա և Անի» ՍՊԸ-ի՝ «Անի» ապրանքանիշով թողարկված «Վանիլ Անիտա», «Վաֆլե բաժակ շոկոլադ», «Էսկիմո շոկոլադե» և «Բիսկվիտ վանիլ» պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մասի նորմերին։
«Մառնիկ» ՍՊԸ-ի՝ «ՖիՆի» ապրանքանիշով թողարկված «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակներում արձանագրվել են ԱՑԽՄ ցուցանիշի խախտումներ։
«Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի՝ «Աշտարակ կաթ» ապրանքանիշով թողարկված «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և «Հատապտուղներով» պաղպաղակներում խախտվել է կաթնայուղի զանգվածային մասի նորման։
Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում պատրաստված շոկոլադե և վանիլային փափուկ պաղպաղակները չեն համապատասխանել միաժամանակ երեք ցուցանիշի՝ կաթնայուղի զանգվածային մասի, ԱՑԽՄ-ի և ՄԱՖԱնՄՔ-ի։
Այլ ապրանքանիշերի նմուշների փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է, իսկ արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։
Հետազոտություններում խախտումներով բացահայտված վեց արտադրողի արտադրական գործընթացը կասեցվել է։ Նրանց սահմանվել են խախտումները վերացնելու ժամկետներ, իսկ վտանգ ներկայացնող արտադրանքների նկատմամբ կձևակերպվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու մասին որոշումներ։