Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ քննարկել են վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ներառելով նաև օրենսդրական բարեփոխումների առաջընթացն ու բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։
Սարգսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ ու արդյունավետ համագործակցությունը, որն աստիճանաբար ընդլայնվել է տարբեր ուղղություններով։ Դեսպան Մարագոսը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել է ԵՄ աջակցությունը իրականացվող բարեփոխումներին։
Բացի այդ, քննարկվել են նաև նախարար Սարգսյանի նախատեսվող այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք ընդգրկված են լինելու այցի ընթացքում։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում արդեն գործող համագործակցության ծրագրերին, ինչպես նաև ԵՄ կողմից նոր աջակցության տրամադրման հնարավորություններին։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։