4 հունիսի 2025 - 14:43 AMT
Հակոբյան․ Մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին…

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները «արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլ Փաշինյանին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո»։

Ըստ նրա, «մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին»։

Հակոբյանը նշել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերի տակ ականները դրվել են դեռ 1994 թվականի զինադադարի կնքումից հետո։ Նրա խոսքով, տեղեկացված շրջանակներն ու ոլորտի ուսումնասիրողները տեղյակ են, որ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաները նախապես փորձարկվել են հենց Հայաստանում՝ 1996 թվականի նախագահական ընտրության ժամանակ։

«Խնդիրը նախագահ Տեր-Պետրոսյանի հեռացումը չէր, խնդիրը տեխնոլոգիաների փորձարկումն էր, որը հետագայում հաջողությամբ իրականացվել է Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, հյուսիսաֆրիկյան ու մերձավորարևելյան երկրներում, ի վերջո՝ 2018-ին Հայաստանում: Պատահական չէ, որ Արշալույսի հայտնի քեֆի ժամանակ Վանոն Քլինթոնին «մեր էր քրֆում»:

Հիմա արդեն մեծ գաղտնիք կամ հատուկ գիտելիք չի պարունակում հանգամանքը, որ «քաղաքացիական հասարակություն», «իրավապաշտպաններ» ու «ազատ մեդիա» եզրույթների անվան տակ դեռևս 1990-ականներից ներդրվել ու զարգացվել է գործակալական ցանց, որն իր ամբողջ հզորությամբ հարվածեց հայկական պետությանն ու կործանեց այն 2018-ին (հայ ժողովրդի բուռն օվացիաների ուղեկցությամբ):

Եվ, եթե 2008-ին չլինեին Սերժ Սարգսյանի քաղաքական ունակությունները և բանակցային հմտությունները, ապա հենց 2008-ին էր արվելու այն, ինչը տեղի ունեցավ 2018-ից հետո՝ պետության կազմաքանդում, պատերազմում պարտություն ու կապիտուլյացիա, Արցախի հանձնում, հետո Հայաստանի ու հայ ժողովրդի «դենացիոնալիզացիա» ու «դեհումանիզացիա»:

Եթե կարծում եք, թե 2008-ին դա արվելու էր Տեր-Պետրոսյանի ձեռքերով, ապա սխալվում եք. Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո: Անշուշտ, սրա մասին գիտեն Հայաստանի նախկին 3 նախագահները, բայց դեռ լռում են:

Այնուամենայնիվ, պատմությունը վաղ թե ուշ լույս է սփռելու Մարտի 1-ին նախորդած ու հաջորդած օրերին Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների տանիքների ներքո գործող հատուկ ծառայությունների գործունեության վրա: Մի օր հրապարակվելու է, թե որ երկրների «դիվանագետներն էին» եփում Մարտի 1-ը, այնուհետև դեպքի վայրից էվակուացնում «ստրելոկներին» ու փողոցում մարդասպանության համար «սուրհակ անող» Նիկոլին:

Պարզվելու է նաև, թե ինչու Մարտի 1-ին բոլորը պայմանավորվեցին, որ ցուցարարները շարժվում են դեպի մատենադարան կամ կայարան, իսկ Նիկոլը ցուցարարներին բարիկադավորեց Մյասնիկյանի արձանի դիմաց: Նաև մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին…»,–ասվում է գրառման մեջ։

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիա ու նստացույց էին անում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացվեցին, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։