4 հունիսի 2025 - 15:24 AMT
Դատավոր Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են վարույթից 5 օր առաջ

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի 19.05.2025 թվականի գրությունը, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի 02.06.2025 թվականի թիվ 25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2025 թվականի հունիսի 3-ից դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի լիազորությունները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը», հայտնում է Factor.am-ը։

3-րդ հոդվածով էլ, որին հղում է կտարված վերը նշված հոդվածում, սահմանվում է, որ դատավորի լիազորությունը կարող է դադարեցել, եթե նա «ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները։

Factor TV-ն ավելի վաղ գրել էր այն մասին, որ դատավոր Գագիկ Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել՝ երեք անձի մահվան ելքով վթարի գործը երկար քննելու համար, որի պատճառով մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ացնել է։ Այս գործով ԲԴԽ-ում հունիսի 9-ին նիստ էր նշանակվել։ Դատավորի լիազորությանների դադարեցման պարագայում կարգապահական վարույթը կկարճվի։

Միևնույն ժամանակ, եթե դատավորը պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդության հիմքով է լքում պաշտոնը, ապա նա չի զրկվի դատավորի համար նախատեսված կենսաթոշակից։