4 հունիսի 2025 - 16:02 AMT
Դեմոյան․ Փաշինյանին առաջարկում եմ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքում հրապարակած գրառմամբ հարցադրում է ներկայացրել 2018 թվականի իշխանափոխության իրական բնույթի վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող էր ոչ թե ժողովրդական շարժման, այլ նախօրոք համաձայնեցված գործընթացի արդյունք։

Նա առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել՝ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում»։

«Ու եթե հանկարծ պարզվի, որ 2018 թվականին ոչ մի «թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխություն» չի եղել, այլ եղել է ընդամենը բազմակողմ պայմանավորվածության հիման վրա իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պատրա՞ստ են ընդունելու, որ այլևս ԿՈՒՍակցականներ չեն (չշփոթել կուսակրոնության հետ), այլ ընդամենը կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու, Արցախը հայաթափելու, պետությանը ահռելի նյութական վնաս հասցնելու, պետական կառավարման համակարգը կազմալուծելու, Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում մարգիլացնելու, երկիրը թմրանյութի թրաֆիքինգի և փողերի լվացման hub-ի վերածելու և բազմաթիվ այլ պետական հանցագործություններ իրականացված հանցախումբ են, որի կազմավորման ու իրական նպատակների մասին տեղյակ են եղել 2010-2018 թթ. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարած բոլոր նախարարները, ովքեր, ինչպես տեսնում ենք, միահամուռ լռում են։

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել՝ ընթացիկ պատմությունը հրատապ ու օբյեկտիվ արձանագրելու թեմայով: Դա խիստ շահեկան կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ հրապարակելու եմ բազմաթիվ հետաքրքիր փաստեր: Եթե այդպիսի հանդիպման ձևաչափը վախեցնող է, պատրաստ եմ գնալ զիջման և նույն օրակարգով քննարկման մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ»,–ասվում է գրառման մեջ։

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները «արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլ Փաշինյանին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո»։ Ըստ նրա, «մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին»։