Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումները, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերը և պակասուրդը:
Նրա խոսքով՝ 2024-ին հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվել է արտաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է եղել 50 տոկոս շեմից, միաժամանակ, Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի 40-50 տոկոս միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը մոտ 181․7 մլրդ դրամով,հայտնում է 1lurer.am-ը։
«2024 թվականի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23․6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, բնութագրվող տնտեսությունում ներքին սպառմանն ուղղված ներմուծման դերի նվազմամբ և արտահանման դերի աճով»,- ասել է նախարարը:
Հովհաննիսյանը հավելել է, որ կապիտալ ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է 5.5 տոկոս, ինչը հնարավորություն է տվել պատշաճ կերպով ֆինանսավորել անվտանգության ապահովմանն ուղղված և կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր։
Նախարարի փոխանցմամբ՝ պետական բյուջեի պակասուրդն արձանագրվել է այնպիսի մակարդակում, որը կառավարությանը հնարավորություն է տվել պահպանել պարտքի բեռը կառավարելի սահմանի ներքո։ Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի կազմել է 48 տոկոս՝ մնալով 50 տոկոսի շեմից ցածր։