Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հացրել հայոց պետականությանը, թե ՔՊ-ն իր իշխանությամբ, որի ժամանակ եղավ պատերազմ, զոհեր, հանձնվեց Արցախը, ասել է, որ իրենք ամեն ինչ անում են պետականությունն ամրացնելու համար։
«Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար։ Վարչապետը մեկնաբանել է՝ ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն։ Բառախաղ չէ»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ կողմից եկեղեցու հասցեին հնաչծ արտահայտություններին՝ նա ասել է, որ մեկնաբանելու բան չունի։
«Վարչապետն արդեն մեկնաբանել է, ես ավելացնելու բան չունեմ»,-ասել է նա։
Նա նշել է, որ կուսակրոնության հարցը հոգևոր հարց է, դա անձնականի հետպետք չէ կապել։
«Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից ու պայմաններից մեկի մասով, կարծում եմ, պետք է հրապարակային պատասխան լինի։ Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերի աշխարհիկ կյանքով ապրող մարդուն, իսկ եթե վարդապետների, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների համար կուսակրոնությունն անձնական կյանք չէ, եկեղեցու գլխավոր պայմաններից է, դրանով են նաև տարանջատվում քահանաները վարդապետներից, որովհետև եկեղեցու պայմանն է այդպիսին։
Հարցը հնչել է այդ կոնտեքստում։ Եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն,կտայի հրապարակային պատասխան։
Հետևողական այն կապը, որ ուզում եք դուք և ոչ միայն դուք, ցույց տալ թե մեր արշավը եկեղեցու դեմ է, բոլոր հոգևորականների դեմ է, իրականում այդպես չէ, դրա մասին մի քանի անգամ տարբեր իմ գործընկերներ խոսել են։ Այո, Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ պարկեշտ հոգևորականներ, սրբազաններ»,- ասել է Խուդաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։