Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղորոնողական աշխատանքներ իրականցնելու շուրջ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ Այդ մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ասել է խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում։
Նա մանրամասներ է հայտնել երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից, գրում է Արմենպրեսը։
«Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սա արդեն երկրորդ հանդիպումն է։ Քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները։ Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի այդ աշխատանքները շարունակական բնույթ կրեն։ Ես այդ հանդիպումը դրական եմ համարում»,– հայտարարել է ԱԱԾ տնօրենը։
Աբազյանը շեշտել է, որ Հայաստանն ամենաշատն է շահագրգռված շոշափելի արդյունքների ձեռքբերմամբ։
«Ես գիտեմ՝ բոլորը սպասում են։ Մենք բոլորից շատ ենք շահագրգռված։ Ցավոք, չեմ կարող ասել, արդյոք արդյունք կլինի վաղը, հինգ օր հետո, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց կարող եմ վստահեցնել՝ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ»,– ասել է Աբազյանը։
Հարցին՝ ե՞րբ կսկսվեն որոնողական աշխատանքներն Ադրբեջանի տարածքում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է․ «Ես չբարձրաձայնեմ՝ երբ կլինի, բայց նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։
Հունիսի 4–ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Նախորդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի փետրվարի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Կողմերը կարծիքներ էին փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:
Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է մոտ 200 հայ զինվոր։ Հայաստանը 44–օրյայից հետո Ադրբեջանին է փոխանցել 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։