4 հունիսի 2025 - 18:37 AMT
ԱԱԾ ղեկավար․ Գերիների վերադարձի ուղղությամբ, համոզված եղեք, աշխատանք տարվում է

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանք տարվում է։

«Չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, թե մեկ ամիս հետո, բայց այդ ուղղությամբ, համոզված եղեք, աշխատանք տարվում է», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը:

«Քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները և նման բնույթի այլ հարցեր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները լինեն շարունակական: Ես որակում եմ այդ հանդիպումը դրական», - նշել է Աբազյանը լրագրողների հետ զրույցում։

Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղորոնողական աշխատանքներ իրականցնելու շուրջ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։