4 հունիսի 2025 - 18:45 AMT
ՆԳ նախարարը չի հերքել նոր ոստիկանապետի ազգակցական կապը քրեական հեղինակության հետ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանի ազգակցական կապը քրեական հեղինակության հետ:

«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք: ՀՀ-ն շատ փոքր երկիր է, և բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում անձն ունի հստակ առաքելություն, և եթե իր մարդկային ու ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջև դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը, հայտնում է «Ազատությունը»։

Մամուլը գրել էր, որ նոր ոստիկանապետը ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի հետ։ 2021թ. նոյեմբերին զինված ընդհարում էր տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետևանքով 4 անձ էր սպանվել, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույը»։

Արփինե Սարգսյանը հավելելկ է՝ ոստիկանության համակարգ մուտք գործելու շրջանակներում կադրային ստուգումներ են տեղի ունենում, ընդ որում շատ խորքային:

«Բնականաբար, հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հնարավոր անկաշկանդվածություն ունենալու կամ չունենալու: Անկախ ազգակցական կապերից պարոն Ղազարյանն ունի մարդկային այն արժեհամակարգը, փորձառությունը, որը նաև ոստիկանությունում անցել է, որը թույլ կտա նրան անկաշկանդ իրականացնել բոլոր լիազորությունները»,–ասել է նախարարը։

Իսկ թե ինչո՞ւ է պաշտոնից ազատվել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, նախարարն ասել է, որ կադրային փոփոխությունները նախարարությունում բնական են:

«Գնահատել ենք, որ կադրային փոփոխությունն այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ-որ բան վատ է, կամ չի գնահատվել, կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ, այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին», - շեշտել է նա:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին պաշտոնանկությունից մեկ օր անց փոխարինեց Լոռու նախկին մարզպետը, որը ևս երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Արամ Ղազարյանը նախօրեին հրաժարվեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցությունից՝ կուսակցական չլինելը օրենքի պահանջ է: Ընդ որում, Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ էր նշանակվել իշխող կուսակցության Վանաձոր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Նորանշանակ ոստիկանապետը, որը համատեղությամբ նաև ՆԳ փոխնախարարն է, գրեթե 20 տարի ոստիկանության համակարգում է աշխատել, զբաղեցրել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի ոստիկանապետի պաշտոնը: