Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կուսակրոնության կարգի պահպանման հարցը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ «Գարեգին Բ–ն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք զավակ ունի»։
Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։
Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։
Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»,–գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։