ԱԳՆ–ն իրավասու չէ անմիջականորեն միջամտել կամ վերահսկողություն իրականացնել ՀՀ-ում գործող դեսպանությունների կողմից ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելուն: «Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ: Այd մասին հայտնել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Հարցման տեքստում լրատվամիջոցը ներկայացրել էր տարբեր քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացված բողոքները, այդ թվում՝ դեսպանատներում և վիզա կենտրոններում ժամադրությունների օրերի բացակայության, «փողով օրերի վաճառքի» մասին շրջանառվող լուրերի, Հունաստանի դեսպանատնից ստացվող չհիմնավորված մերժումների վերաբերյալ։ ԱԳՆ-ից հետաքրքրվել էին` նշված հարցերի շուրջ ստացե՞լ են բողոքներ, տեղյա՞կ են իրավիճակի մասին, ինչո՞վ կբացատրեն իրավիճակը հատկապես հիմա, երբ ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացվել, խնդրի կարգավորման համար քննարկումներ ունեցե՞լ են համապատասխան երկրների ԱԳՆ–ների հետ, ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը։
Արտգործնախարարությունից նշել են՝ թեպետ չեն կարող միջամտել դեսպանությունների գործունեությանը, սակայն ցանկացած պատեհ առիթով գերատեսչության ներկայացուցիչները տարբեր մակարդակներում գործընկերների հետ քննարկումների ժամանակ բարձրացնում են խնդիրը, հատկապես ժամադրության օր ամրագրելու վերաբերյալ՝ «հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և քաղաքացիներից ստացվող բողոքները»:
«Քննարկումներում գործընկերները նշում են, որ ժամադրություններ ամրագրելու դժվարության հիմնական պատճառն այն է, որ հանրության շրջանում դեպի եվրոպական երկրներ ճամփորդելու պահանջարկը շատ ավելի մեծ է, քան այդ երկրների դեսպանությունների` օրական ստացվող դիմումները սպասարկելու կարողությունները: Պահանջարկի մեծացումն էլ իր հերթին պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից էական է եվրոպական նոր ուղղությունների և մատչելի թռիչքների հասանելիությունը»,- հավելել են գերատեսչությունից։
Նախարարությունը հիշեցրել է, որ 2024 թվականի հուլիսին ԵՄ խորհուրդը ընդունել է որոշում Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ և ներկայումս ընթացքի մեջ են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները։
«Այժմ արդեն աշխատանքներ են տարվում վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ, իսկ երբ դրանք բավարարվեն, ՀՀ քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից»,- հայտնել են նախարարությունից։
Բացի այդ, գերատեսչությունը տեղեկացրել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ կրկին շեշտել է, որ վիզաների հետ կապված հարցը կարևոր ուղղություն է ՀՀ քաղաքացիների համար՝ եվրոպական ընտանիքին մոտենալու առումով։ Հարցը քննարկվել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ վերջին հանդիպման ժամանակ։
Դեսպանատների մեծ մասն անցել է վիզա կենտրոնների միջոցով սպասարկման։ Սա նշանակում է, որ շենգենյան վիզայի համար պահանջվող 35 եվրո հյուպատոսական վճարին ավելանում է 15-20 հազար դրամ` վիզա կենտրոնների միջնորդական ծառայությունների համար։ Սակայն բարելավվելու փոխարեն, վիճակն ավելի է բարդացել։