5 հունիսի 2025 - 10:59 AMT
ԱԳՆ․ ԵԱՏՄ-Պակիստան համաձայնագրի հարց օրակարգում չկա

ԵԱՏՄ անդամ պետությունների օրակարգում Պակիստանի հետ համաձայնագրի կնքման հարց ներառված չէ։ Ադյ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, տեղեկացնում է Radar Armenia-ն։

«Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ Պակիստանի հետ, և ԵԱՏՄ անդամ պետությունների օրակարգում ԵԱՏՄ-Պակիստան համաձայնագրի կնքման հարց ներառված չէ»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԵԱՏՄ-ի ու Պակիստանի միջև քննարկումներ են սկսվել՝ վերջինիս՝ Միությանն անդամակցելու հարցի առնչությամբ։ Ըստ տարածված լուրերի՝ Հայաստանը դեմ է եղել Պակիստանի անդամակցությանը։

Պակիաստանն այն եզակի երկրներից է, որը մինչ օրս չի ճանաչել ՀՀ անկախությունը, ավելին՝ ակտիվորեն ներգրավված է եղել 44–օրյա պատերազմում՝ սատարելով Ադրբեջանին, և այժմ էլ սերտ ռազմական համագործացության մեջ է այդ երկրի և Թուրքիայի հետ։ Վերոնշյալ երկրները մշտապես համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Պակիստանի վարչապետն անգամ մասնակցել է օկուպացված Լաչինում օդանավակայանի բացմանը՝ Ալիևի և Էրդողանի հետ։