Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները ակտիվ քննարկումներ են վարում կապված ծաղիկների արտահանման հարցում ծագած խնդիրների հետ: Ռուսական կողմի մտահոգություններին անդրադարձել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Նա հայտարարել է, որ Հայաստանից ՌԴ երրորդ երկրներից ներկրված ծաղիկներ չեն վերաարտահանվում, հայտնում է Արմենպրեսը։
Անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի օրեր առաջ հնչեցրած մտահոգությանը՝ նա նշել է, որ խնդիրն իրականում պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալների կտրուկ աճի հանգամանքով:
«Ռուսական կողմից համապատասխան նամակ ստացել ենք հունիսի 3-ին: Իրենք կարծում են, որ երրորդ երկրներից Հայաստան են ներմուծվում ծաղիկներ, որոնք այնուհետև հայկական սերտիֆիկատով արտահանվում են Ռուսաստան: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստան ներմուծվող ծաղիկների ծավալն այնքան մեծ չէ, որ կարողանանք նաև վերաարտահանել: Այդ ծաղիկները սպառվում են Հայաստանում: Միաժամանակ, Հայաստանի հնարավորություններն ու հզորությունները թույլ են տալիս փաստաթղթում նշված քանակության ծաղիկներ արտահանել Ռուսաստան»,- նշել է Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից նշված վարակված ծաղիկներին, ապա ըստ տեսչական մարմնի խոսնակի՝ ներկայում ընթանում է ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե հատկապես որ խմբաքանակներում և ինչ տեսակ վնասատու է հայտնաբերվել։ Հարությունյանը վստահեցրել է, որ ուսումնասիրությունների ավարտից հետո խնդիրը կքննարկվի ռուս գործընկերների հետ՝ արագ և արդյունավետ լուծում տալու նպատակով։
«Այս պահին կատարվում են ուսումնասիրություններ և ընթանում են բանակցություններ: Ռուսական կողմի հետ քննարկում ու փորձում ենք կարգավորել խնդիրը: Գործընթացի ավարտին դրա մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է ՍԱՏՄ խոսնակը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությwunic տեղեկացրել են, որ հետևում են զարգացումներին և հանդես կգան համապատասխան հաղորդագրությամբ այն բանից հետո, երբ ՍԱՏՄ-ն կհրապարակի իր եզրակացությունը։
Հունիսի 3-ին «Ռոսսելխոզնադզորը» հրապարակել է հայտարարություն՝ նշելով, որ ՀՀ կողմից անհրաժեշտ միջոցների չձեռնարկման և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025–ի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական վկայականներով Ռուսաստան ներմուծվող ծաղկային արտադրանքի համար»։
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ ասվում է․ «Կտրված ծաղիկներն ու բողբոջները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ 2025 թվականին նկատվում է Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծման կտրուկ աճ: Ընթացիկ տարվա սկզբից վերահսկվել է 52 միլիոն միավոր, ինչը 49.7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ ներմուծվել էր 34.7 միլիոն միավոր ծաղիկ։ Բեռնափոխադրումների աճի խորապատկերում գրանցվել է ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային վարչությունների անցկացրած կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքներով հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք: Բացի այդ, բազմիցս կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր են գրանցվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է արտահանվող արտադրանքի նկատմամբ Հայաստանի վերահսկողության համակարգի անարդյունավետության մասին։