Կառավարությունը նախաձեռնել է լուծարել ՊՆ ենթակայությամբ գործող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը։ Առաջարկված նախագծով այն միացվում է «Հայաստանի պատմության թանգարանին»՝ որպես վերջինի մասնաճյուղ։
Բացի այդ, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հուշարձանը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարության կառավարմանը, հայտնում է Factor.am-ը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ միավորման նպատակը թանգարանի արդյունավետ կառավարումն է։
Երևանում գործող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում ցուցադրվում են հայկական զինված ուժերի ձևավորման, ինչպես նաև տարբեր պատմական փուլերում՝ ազատագրական պայքարների, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախյան պատերազմների և նորագույն իրադարձությունների մասին նյութեր։ Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ հայկական բանակի զինվորական համազգեստներին, պարգևներին, զենքերին, լուսանկարներին, պատմական փաստաթղթերին և հերոսների անձնական իրերին։ Ցուցանմուշները ընդգծում են հայ ժողովրդի անցած բարդ ու հերոսական ուղին՝ մարտադաշտից մինչև հաղթանակ։