5 հունիսի 2025 - 12:36 AMT
«Պատրոն Դավոն» 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք կնվիրի ՊՆ–ին

«Լեյա» և «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերությունները իրենց պատկանող 30 մլն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, որպես նվիրատվություն, փոխանցում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Կառավարությունում գույքի հանձման և ընդունման նախագիծ է մշակվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը, հայտնում է Factor.am-ը։

«Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ։

Դավիթ Գալստյանը ներգրավված է այն քրեական գործում, որը վերաբերում է անորակ հրթիռների մատակարարմանը։ Նա այս գործի շրջանակում կալանավորվել է, սակայն հետագայում ազատ է արձակվել՝ 40 միլիոն դրամ գրավի դիմաց։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախապես համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականին պաշտպանության նախարարությանը մատակարարել է 1983-1986 թվականներին արտադրված անորակ հրանոթային արկեր, որոնք, ըստ ԱԱԾ-ի, մարտական պայմաններում կիրառելի չեն եղել, սակայն այդ մատակարարումների դիմաց Գալստյանը ստացել է 1,083.000 ԱՄՆ դոլար։ Գալստյանը, սակայն, մերժում է առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե մատակարարումը իրականացրել է պայմանագրով նախատեսված զինատեսակով։