ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 1 ժամ 15 րոպե տևած հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ ՌԴ–ն պատրաստվում է պատասխանել Ուկրաինայի դրոնային հարձակումներին։ Թրամփը զրույցը բնութագրել է որպես կառուցողական, սակայն նշել է, որ այն չի հանգեցնի անմիջական խաղաղության։
Ուկրաինայի ռազմական գործողության արդյունքում, որը ստացել է «Սարդոստայն» անվանումը, ԱԹՍ–ների միջոցով ՌԴ խորքում՝ Սիբիրում, վնասել կամ ոչնչացվել է 41 ռուսական ռազմական ինքնաթիռ։ Պուտինը Ուկրաինային մեղադրել է խաղաղության ջանքերը խափանելու մեջ՝ այս հարձակումները որակելով որպես ահաբեկչական գործողություններ։ Նա մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության առաջարկները՝ դրանք անվանելով վերջնագրեր, հայտնում է CNN-ը։
Չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին, այդ թվում՝ Ստամբուլում անցկացվողբանակցություններին, էական առաջընթաց չի գրանցվել, քանի որ կողմերը պահպանում են կոշտ պայմաններ հրադադարի համար։ Ուկրաինան մերժել է Ռուսաստանի պահանջները՝ զինված ուժերի դուրսբերում և ռազմական դաշինքներին միանալու արգելք, դրանք համարելով անընդունելի։
Թրամփը նաև նշել է, որ Պուտինի հետ քննարկել է Իրանի միջուկային հավակնությունները՝ ընդգծելով, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Պուտինը առաջարկել է մասնակցել Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագրի բանակցություններին։
Քննադատները մտահոգություն են հայտնել Թրամփի մոտեցման վերաբերյալ՝ վախենալով, որ դա կարող է անուղղակիորեն խրախուսել ռուսական ագրեսիան։ Ուկրաինայի պատգամավոր Օլեքսանդր Մերեժկոն նշել է, որ Թրամփի՝ Պուտինին հորդորելու բացակայությունը կարող է ընկալվել որպես նոր ագրեսիայի թույլտվություն։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները և Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները ռուսական օդանավակայանների դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի այն բանից հետո, երբ կողմերը ուսումնասիրեն կարգավորման նպատակով ներկայացված հուշագրերի նախագծերը։ Հուշագրերի բովանդակությունը զրույցի ընթացքում չի քննարկվել։ Ինչպես նշել է Ուշակովը, Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման հարցը երբեք գործնական հարթություն չի մտել։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ԶՈւ հարձակումներին ռուսական օդանավակայանների վրա, ՌԴ ղեկավարը տվել է իր գնահատականը․ «Ուկրաինան փորձել է տապալել բանակցությունները՝ Կիևի ռեժիմի ուղղակի հրահանգով իրականացնելով թիրախավորված հարձակումներ քաղաքացիական օբյեկտների, խաղաղ բնակչության վրա։ ՌԴ կողմը չի տրվել սադրանքին, և ինչպես հայտնի է, երկրորդ փուլը կայացել է Ստամբուլում»։
Նա հավելել է, որ Կիևի ռեժիմը ըստ Մոսկվայի՝ վերածվել է ահաբեկչական կառույցի։
«Դուք գիտեք՝ ինչպես են վարվում ահաբեկիչների հետ։ Բայց դա չի բացառում, որ համապատասխան ուղղություններով հնարավոր չեն բանակցություններ, որոնք ընդհանուր առմամբ անհրաժեշտ են կարգավորման հասնելու համար»,–ասել է Պուտինը։
Ի պատասխան՝ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացված չի եղել Կիևի գործողությունների մասին։ Երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները Ուկրաինայի շուրջ՝ ինչպես բարձր մակարդակով, այնպես էլ այլ ուղիներով։
Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների վիճակը և միջազգային իրադարձությունները։ Քննարկվել են երկու երկրների համագործակցության վերականգնման հեռանկարները, որի ներուժը առաջնորդները համարել են մեծ։ Երկուսն էլ հաստատել են, որ պատրաստ են պահպանել մշտական կապ։
Քննարկման թեմաներից են եղել նաև Միջին Արևելքի իրադարձությունները։ Արձանագրվել է նաև Թրամփի մասնակցությամբ կարգավորված Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կգնահատի, եթե Ռուսաստանը իր ներդրումն ունենա Իրանի միջուկային գործարքի հարցում։