5 հունիսի 2025 - 13:14 AMT
Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում խոստացել է պատասխանել՝ թե «արդյոք վաճառել է Ղարաբաղը» և այլ հարցերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում պատրաստ է պատասխանել բոլոր հնարավոր հարցերին՝ ներառյալ այն մեղադրանքները, թե արդյոք նա «լիզել է թուրքի կոշիկները» կամ «վաճառել է Ղարաբաղը»։

«Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում և պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որևէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխո՞ւմ եմ մեր ինքնությունը։ Եվ այլն, և այլն, և այլն։

Համացանցում նման հարցադրումներ անող և նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը և մինչ հանդիպում»,–գրել է նա։