5 հունիսի 2025 - 13:57 AMT
Փաշինյան․ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնապես չեն արձանագրել, որ ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, մինչդեռ դա արձանագրված է դատարանի նիստում»։ Նա հավելել է, որ պահելով կոռեկտությունը, սխալվել են։

«Պահելով կոռեկտությունը՝ մենք սխալվել ենք։ Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի նիստում», ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Վարչապետը հիշեցրել է, որ Քոչարյանն իր դեմ հարուցված կաշառքի գործով համաձայնել է, որ այն կարճվի վաղեմության ժամկետի հիմքով, ինչը, ըստ նրա, նշանակում է փաստացի խոստովանություն։

«Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը կաշառակեր է»,- ասել է վարչապետը։

Նա նաև նշել է, թե այսուհետև, երբ ինքը ելույթ ունենա, և հնչի Քոչարյանի անունը, ասելու է՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։

«Իրենք մի խնդիր ունեն, որ ցույց տան, որ մենք իրենց նման ենք, արդեն իրենք չեն էլ ուզում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են»,-կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։

Նա անդրադարձել է նաև ֆրանսիական մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի ինքը Ֆրանսիայում 3 մլն եվրոյով առանձնատուն է գնել։

«Ասենք մի երկու հատ դաշնակ-մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջն ինչ զառանցանք ասես դնում են, դե արի ապացուցի, որ...»,-հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ևս անդրադարձել է Info du jour ֆրանսիական կայքում հրապարակված հոդվածին, որտեղ ասվում է, թե «վարչապետը 3․1 մլն եվրոյով վիլլա է ձեռք բերել Մարսելում»։ Հակոբյանը ասել է, որ դա ապատեղեկատվություն է և հաղորդել, որ պատրաստվում են դատի տալ հեղինակին։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե ինչու դատի չեն տալիս Հայաստանում իրենց հասցեին հրապարակումների հեղինակներին, Հակոբյանը նշել է․ «Բոլորին չենք կարող դատի տալ՝ այդքան փող չունենք, հազար հարց կա, մեծ ընտանիք ենք»։