5 հունիսի 2025 - 14:36 AMT
Սինանյան. Եկեղեցուն հարվածում են այն անձինք, որոնք արհամարհում են ներքին կանոնակարգերը

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կան բացահայտ խնդիրներ՝ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք «ակնառու են նաև Սփյուռքի զգայական մի մասի համար»։

Պատասխանելով հարցին, թե վարչապետի մակարդակով եկեղեցու և անձամբ Վեհափառի վերաբերյալ հրապարակային քննարկումները հարված չեն Հայ Առաքելական եկեղեցուն, Սինանյանն ասել է, որ եկեղեցուն հարվածում են այն անձինք, որոնք արհամարհում են ներքին կանոնակարգերը, հայտնում է «Ազատությունը»։

«Նման քննարկումները հարված չեն կարող հասցնել եկեղեցուն, եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են և արհամարհում հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։