5 հունիսի 2025 - 14:46 AMT
Գալստյան․ Արցախի նախագահական ինստիտուտը շարունակում է գործել, նախագահի ընտրությունը ժամանակի հարց է

ԱրցախիՀանրապետությանԱԺ«Արդարություն» խմբակցության ղեկավար ԴավիթԳալստյանը, հերքելով մամուլի տեղեկությունները, որ Արցախի նախագահի ինստիտուտը դե ֆակտո և դե յուրե լուծարվել է, հայտարարել է, որ Արցախի նախագահի ինստիտուտն առ այսօր շարունակում է գործել՝ ԱՀ գործող Սահմանադրության համաձայն, հայտնում է Aysor.am-ը։

ԴավիթԳալստյանը նշել է, որ, ըստ Սահմանդրության՝ Արցախի նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը մինչև նոր նախագահի ընտրվելը։

«Այսօր, Սահմանդրության հոդվածների համաձայն,կա և՛ ԱԺ ինստիտուտը, և՛ նախագահական ինստիտուտը»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ նախագահի ընտրության ձգձգումը ժամանակավոր բնույթ ունի։

«Այս պահին չունենք Արցախի Ազգային Ժողովի կողմից ընտրված նախագահ, բայց դա ժամանակի հարց է»,- նշել է պատգամավորը։

Ըստ նրա՝ չկա պատգամավորների կողմից կոնսենսուս, որ ընտրություններ չեն լինի։

«Չի կարող նման կոնսենսուս լինել, որ ընտրություններ չլինեն։ Ընտրություններ լինելու են, ուղղակի ժամանակի հարց է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Կան շատ ու շատ հարցեր, որոնք քննարկումների արդյունքում պետք է ստանան լուծումներ։ Այս պահին քննարկումների մեջ ենք»,- ասել է Գալստյանը։

Ինչ վերաբերում է պնդումներին, որ մայիսի 30-ին պետք է նոր նախագահ ընտրեին, սակայն Հայաստանի իշխանությունների «շանտաժի ու սպառնալիքի պատճառով» ընտրության գործընթացը տապալվել է և Արցախի նախագահի պաշտոնը թափուր է մնացել, Գալստյանն արձագանքել է՝ ասելով, որ իր հանդեպ ճնշում չի եղել։

«Ես իմ տեղը կարող եմ խոսել, իմ վրա նման սպառնալիք չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, նրանք ժամանակին ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ ամեն ինչ անելու են, որ մեր հայրենակիցներն ապրեն անվտանգ, 2021-ին նախընտրական ծրագիր էին ներկայացրել հասարակությանը՝ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի վերաբերյալ, այսօր տեսնում ենք, որ նրանք ճիշտ հակառակն են անում»,-ասել է նա։

ԴավիթԳալստյանը պնդել է, որ ՀՀ իշխանությունները ինչ սպառնալիք էլ հնչեցնեն և ասեն, որ Հայաստանում առաջիկա բոլոր կորուստների և պարտությունների համար պատասխանատու կհռչակվեն արցախցիները, իրենք, միևնույն է, չեն գնա նրանց նշած ճանապարհով։

«Այսինքն՝ այն, ինչ ասում են ՀՀ իշխանությունները, չի բխում հայ ազգի շահերից։ Մենք որևէ կերպ չենք գնալու այն ճանապարհով, որը կփորձեն պարտադրել ՀՀ իշխանությունները»,-ասել է նա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել։

Նա նշել է, որ իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով «խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը»: