5 հունիսի 2025 - 15:04 AMT
Փաշինյան․ Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու՝ թալանչի, սրիկա, ստահակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Դիլիջանի մանկապարտեզներից մեկին՝ հիշեցնելով, որ նախորդ նիստերից մեկում խոսել էր այս մասին, ասել, որ այդ մանկապարտեզի հարցը նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված։

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարատեզի մասնաշենքը, որը 19 տարի առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջը տրամադրվել էր անհատույց օգտագործման իրավունքով։

«Մտածեցի, դե, կառավարության նիստ է, հիմա ինչ կարիք կա՝ կոնկրետ ասել, հետո նիստից դուրս եմ գալիս, տեսնեմ՝ էդ նախկին պաշտոնյան, թուր ու թվանքը առած, ընկել գրառումներ է անում, բայց սրա հետ կապված չէ, հո չի՞ ասելու մանկապարտեզներս ձեռիցս առան... այդ պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը»,- ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Նա զարմացած է՝ Վարդան Օսկանյանն ու իր կինը ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն։

Փաշինյանն անդրադարձել է ևս մեկ լուրի՝ գրել են, որ, իբր, հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։

«Այս մարդիկ մեկ խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք, արդեն չեն էլ փորձում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են»,- հունից դուրս է եկել վարչապեը։

Փաշինյանն ընդգծել է՝ շարունակելու են թալանը հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա։

«Չեն փախնի, ոնց ասել եմ, որ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեն պլստում ու դրանից անկանոն շարժումներով ու անկանոն գոռգոռոցներով են լցրել Հայաստանը»,- հավելել է նա։

Նա խոսել է նաև այն լուրի մասին, թե, իբր, Ֆրանսիայում 3 միլիոն եվրոյով տուն է գնել։

«Ֆրանսիայում մի երկու դաշնակ-մաշնակ կա, տանում, 3 եվրոյով կայք են բացում, մեջը ինչ զառանցանք ասես՝ դնում են, դե արի ապացուցի... ասում եմ՝ քոչարյանասերժական ստահակ զանգվածն էլ չի փորձում ապացուցի, որ իրենք բան են...»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ևս անդրադարձել է Info du jour ֆրանսիական կայքում հրապարակված հոդվածին, որտեղ ասվում է, թե «վարչապետը 3․1 մլն եվրոյով վիլլա է ձեռք բերել Մարսելում»։ Հակոբյանը ասել է, որ դա ապատեղեկատվություն է և հաղորդել, որ պատրաստվում են դատի տալ հեղինակին։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե ինչու դատի չեն տալիս Հայաստանում իրենց հասցեին հրապարակումների հեղինակներին, Հակոբյանը նշել է․ «Բոլորին չենք կարող դատի տալ՝ այդքան փող չունենք, հազար հարց կա, մեծ ընտանիք ենք»։