5 հունիսի 2025 - 16:32 AMT
Կառավարությունը սահմանել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունն ու 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։

Փաստաթուղթը ներառում է երեք ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։

Ինչպես նիստի ժամանակ նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, շարունակվելու է ավելի վաղ որդեգրված մոտեցումը՝ առաջնահերթ բացահայտել ոչ թե վաճառքը, այլ ներմուծումն ու արտադրությունը։ Նրա խոսքով, այս մոտեցման արդյունքում 2024 թվականին արձանագրվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թվի նվազում։

«Եթե 2018 թվականին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023 թվականին՝ արդեն 5070 դեպք։ Բայց 2024 թվականին՝ ռազմավարության վերանայման և հատկապես ներմուծման ու արտադրության շղթաների թիրախավորման արդյունքում, դեպքերի թիվը նվազել է՝ կազմելով 3639»,- ասել է Սարգսյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարում իրավապահ մարմինները կարողացել են ապօրինի շրջանառությունից դուրս բերել մոտ 426 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 2023 թվականի համեմատ մոտ 200 կիլոգրամով ավելի է։ 2025 թվականի առաջին ամիսներին արդեն դուրս է բերվել 173 կիլոգրամ թմրամիջոց։

Նա հավելել է, որ հանցավոր խմբավորումներից մեկը փորձել է իրացնել մոտ 35 կիլոգրամ թմրամիջոց Հայաստանի տարածքում, ինչի արդյունքում կալանավորումներ են իրականացվել։

Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը թմրամիջոցների շրջանառության նկատմամբ զինված ուժերում, ոստիկանությունում, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում։

Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով։