ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ «վեճում» որևէ կարմիր գիծ չի անցնում և չի հայհոյում։
«Ես չեմ կարծում՝ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Դիտարկմանը, թե գուցե կրկնի այն բառը, որը նշել էր Փաշինյանը և բացատրի՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանել է, որ կարող է կրկնել այդ բառը։
««Դոմփել» բա՞ռը, ինչու չեմ կրկնի, կրկնում եմ։ Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և ճիշտ ձևով գտնում է՝ որ պահին ինչ ասի»,-ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ իրենք չեն քննարկում՝ այդ երևույթը իրականում գոյություն ունի, թե ոչ։ Սիմոնյանը նշել է, որ քննարկման թեման այն է՝ արժե՞ այդ մասին բարձրաձայնել, թե՞ ոչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։