Հայաստանում հացը, կարագը, սուրճն ու շոկոլադը թանկացել են, մինչդեռ պանիրն ու ձավարը՝ էժանացել։ Այդ են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հայտնում է Factor.am-ը։
Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. մայիսը 2024թ. մայիսի նկատմամբ) կազմել է 4.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:
Այսպիսով՝ հացի գինը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 3.9%-ով, կարագինը՝ 13.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով:
Ձավարի գինը նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով։ Չնայած նախորդ տարվա նվազմանը՝ այս տարվա մայիսին ապրիլի համեմատ շուկայում ձավարի գինը բարձրացել է 2.0%, իսկ պանրինը՝ 0.2%-ով։