Մի խումբ քաղաքացիներ կառավարության դիմաց կրկին ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։ Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ նեռապաշտ»։
«Դժոխքի դեսպանին», ում թիկունքին գրություն կար՝ «Դժոխքում սպասում են Նիկոլին», ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ կառավարության շենքի դռանը։
Ակցիայի մասնակից քաղաքացի Էլեոնորա Մանանդյանն ասել է, որ իրենք իրենց հետ բերել են «մահվան դեսպանին՝ դժոխքից», հայտնում է Panorama.am-ը։
«Մահվան դեսպանը եկել է դժոխքից՝ Նիկոլին ասելու, որ իր հեռանալու ժամանակն է դժոխք։ Նիկոլին, նրա կենակցին, Նիկոլի ողջ թիմին արդեն դժոխքում սպասում են»,- ասել է նա։
Մանանդյանը թվարկել է նաև «Նիկոլ Փաշինյանի մեղքերը»՝ «սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն, այլասերվածություն...»։
«Մեր կոչն է՝ դուրս գալ պայքարի։ Այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ, ընդհանրապես անընդունելի է, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Նիկոլի պատճառով անդունդ է գլորվում մեր Հայաստանը»,- ասել է քաղաքացին։
Նա նշել է, որ կոչ են անում ընդդիմությանը՝ եթե չի կարողանում առաջնորդել պայքարը, վայր դնի մանդատներն ու դուրս գա Ազգային ժողովից։
«Մեկ տարի բան է մնացել ընտրություններին, բայց այդ մեկ տարում Սյունիքը կորցնենք, հնարավոր է շուտով կկորցնենք։ Մարդիկ ասում են փողոցային պայքար արել են, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևէ հաստատակամություն չի դրսևորվել։ Մենք բոլոր ցույցերին՝ մեծ ու փորք, մասնակցել ենք։ Հստակ տեսել ենք այն հաստատակամությունը, որ Նիկոլն իր կեղծ հեղափոխության ժամանակ դրսևորել էր, իրենք չեն դրսևորում»,- շեշտել է Մանանդյանը։
Բողոքի մասնակիցները նաև պաստառներ են բերել, որոնց վրա պատկերված են եղել Հայ եկեղեցու սրբերի լուսանկարները։
«Նրանք եկել են նզովելու Նիկոլ Փաշինյանին՝ հայ ազգը դավաճանելու, հայ ազգին կործանման տանելու, հայոց սրեբություններն անպատվեելու համար, նաև հայոց հիմնասյուններից մեկը՝ եկեղեցու դեմ կեղտոտ արշավ սկսկելու համար»,- ասել է բողոքի մեկ այլ մասնակից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։