5 հունիսի 2025 - 17:49 AMT
Միրզոյան․ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության մեջ ենք

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը Թուրքիայի հետ, երկու երկրների միջև ակտիվ երկխոսություն է ընթանում։

«Թուրքիայի հետ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ, գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որ իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ»,–գրում է Radar.am-ը։

Նա նաև հաստատել է այն դիտարկումները, ըստ որոնց՝ եկել է պահը, երբ ընթացող երկխոսությունն արդյունքներ պիտի բերի.

«Երկխոսությունը տևական ժամանակ դրական հունով է զարգացել։ Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։ Սա է մեր համոզմունքը»,–ասել է նա։

Որպես միջանկյալ արդյունք նա մատնանշել է Մարգարայի անցակետի վերանորոգումը։

Մարտին Թուրքիայից ժամանած լրագրողները, որոնք մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված եռօրյա մեդիատուրին, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։