Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը կարծիք է հայտնել, որ իր դեմ հարուցված գործը իրեն և եղբորը` ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին ավելի կառավարելի, հնազանդ դարձնելու միջոց է։ Այս մասին նա ասել է 24.news–ի հետ զրույցում։
Նրա խոսքով` գործը կարվել է, գրում է Sputnik Արմենիան։
«Մեղադրանքում չի կարող լինել որևէ լուրջ հիմնավորում, որովհետև ես ինքս վարչական պաշտոն եմ զբաղեցրել, իրավասություն չեմ ունեցել միանձնյա որոշումներ կայացնելու և որևէ պարագայում չէի կարող բյուջետային միջոցները ինքնուրույն հատկացնել։ Կա ռազմաարդյունաբերական հանձնաժողով, որը հավանություն է տալիս պետական պատվերին»,–ասել է նա։
Նա նաև նշել է, որ սա միակ քրեական վարույթը չէ, որի շրջանակում ինքը հայտնվել է։ Քերոբյանը հիշեցրել է՝ ևս մեկ քննություն իրականացվել է ԱԱԾ–ի կողմից, որի ժամկետները, ըստ նրա, հուշում են, որ այն կապված է եղբոր՝ Վահան Քերոբյանի նկատմամբ իրականացված քայլերի հետ։
«Մեր քրեական գործերն իրար հետ ուղիղ կապ չունեն, բայց հաշվի առնելով, որ Վահան Քերոբյանին ծնկի բերելը սկսվել էր դեռ 2022–ի վերջից, իսկ ինձ մեղադրանք էր ներկայացվել 2023–ի ապրիլին, պարզ դառնում, որ սրանք մեզ հնազանդ դարձնելու փորձեր են»,–ասել է նախկին պաշտոնյան։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեղադրանք է ներկայացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան ներկայացուցչին։ Նա, ըստ հայտարարության, առանց անհրաժեշտության նախաձեռնել է շուրջ 360 միլիոն դրամ արժողությամբ աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքում։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ խոսքն ընթանում է Վահան Քերոբյանի եղբոր՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանի մասին։