ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նյարդայնանալով ֆրանսիական մամուլի հրապարակումից, որի համաձայն ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել այդ երկրում, կառավարության հունիսի 5-ի նիստում դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանություն է տվել, հայտնում է News.am-ը։
«Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ՝ իրավական շեղվածությամբ: Դրա հետ ամեն ինչ և վաղուց պարզ է: Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։
Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ այդ խեղկատակը շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին:
Ինքնհառչակ տգետը նույնիսկ չգիտի, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն անձի մեղավորության հիմք չի կարող լինել։ Մեղավորության հիմք է իր պես՝ համաներման միջոցով մի ձև պատժից ազատվելը:
Իսկ «Սիլվայի» գործով վաղեմության ժամկետի կիրառման հանգամանքների մասին նախագահ Քոչարյանը մոտակա ասուլիսներից մեկում մանրամասն կխոսի»,- ասել է Բագրատ Միկոյանը։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնապես չեն արձանագրել, որ ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, մինչդեռ դա արձանագրված է դատարանի նիստում»։Վարչապետը հիշեցրել է, որ Քոչարյանն իր դեմ հարուցված կաշառքի գործով համաձայնել է, որ այն կարճվի վաղեմության ժամկետի հիմքով, ինչը, ըստ նրա, նշանակում է փաստացի խոստովանություն։
«Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը կաշառակեր է»,- ասել է վարչապետը։