Հայաստանն ընդգրկված է 2026 թվականի նախնական ծրագրում որպես ԵՄ Խաղաղության եվրոպական գործիքից օգտվող պետություն, և քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են: Այդ մասին արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
«2024 թվականին Հայաստանը Եվրամիության Խաղաղության եվրոպական գործիքից է հասցրել օգտվել՝ ստանալով 10 մլն եվրո աջակցություն: Այս պահին շարունակվում են քննարկումները 2025 թվականի որոշման հետ կապված: Կարևոր է ընդգծել, որ արդեն 2026 թվականի նախնական ծրագրերում նույնպես Հայաստանը որպես շահառու պետություն ընդգրկված է»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանն ավելի վաղ Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։Հայաստանը ներկայացրել է նաև երկրորդ հայտը՝ 2025–ին ևս Խաղաղության եվրոպական գործիքից օգտվելու համար:
Ըստ որոշ հրապարակումների, դրան խոչընդոտում է Հունգարիան, ինչպես դա եղել էր նաև 2024–ին՝ պահանջելով, որ նույն քանակի օգնություն տրամադրվի Ադրբեջանին։