Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։
« ՀՀ Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. ֊ի 265֊Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. ֊ի դրույքաչափերը։
Այլ կերպ ասած` Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը», – գրել է ավագանու անդամը։
Նա նաև հստակեցրել է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել վարորդները։
«Քանի որ 2025 թ -ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում անվճար և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան», –ասվում է գրառման մեջ։
Առաջին նման որոշումն ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այդ որոշմամբ դատարանը արձանագրել է, որ քաղաքապետարանը չի ներկայացրել բավարար ապացույցներ՝ հիմնավորելու, թե վճարների աճը միտված է ծառայությունների որակի բարձրացմանը, իսկ բեռնաթափման պատճառաբանությունը իրավաչափ չի համարվել։ Երևանի քաղաքապետարանը վիճարկել էր դատարանի երկու որոշումները՝ դրանց դեմ ներկայացնելով բողոք։
2024–ի հունվարի 1-ից կարմիր գծերով տարածքներում կայանման վճարները կտրուկ բարձրացել են. Ա գոտում տարեկան վճարը 12,000 դրամից դարձել է 160,000 դրամ, իսկ Բ գոտում՝ 12,000-ից հասել է 24,000-ի։ Վարչական դատարանը երկու առիթով ճանաչել է որոշ դրույթների ոչ իրավաչափ լինելը՝ կապված «կարմիր գծերում» սահմանված տեղական վճարների հետ։