6 հունիսի 2025 - 11:48 AMT
Աբրահամյան. Սյունիքում մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ, իսկ իշխանությունը լռում է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Սյունիքի բնակիչների հետ շփումների ընթացքում որպես ամենահրատապ խնդիր մշտապես բարձրացվում են անվտանգության հարցերը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ «իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն»։

«Սյունիքում մարդկանց հետ զրույցների հիմքում անվտանգության հետ կապված խնդիրների բարձրաձայնումներն են:

Ճիշտ է` լայն կոնտեքստով և երկար քննարկումները առաջ են բերում բազմաթիվ այլ խնդիրներ` ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն, սակայն ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ:

Ինչ էլ ուզում է ասել իշխանությունը` կեղծիքից մինչև խոստումներ, մարդիկ անվտանգության մակարդակի չափման սեփական ցուցիչներն ունեն, ինչ արտահայտվում է իրենց կյանքում և տեսանելի է:

Իսկ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն:»,– նշել է նա։

Գորիսում ադրբեջանցի զինվորների ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահած հայ երիտասարդի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել։