6 հունիսի 2025 - 13:14 AMT
Տեր Աբրահամ Մարտիրոսյան․ Իշխանությունը փորձում է նոր թափ հաղորդել հակաեկեղեցական արշավին

Տեր Աբրահամ Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ այս օրերին երկրի բարձրագույն ղեկավարությունը, իր թիմակիցների աջակցությամբ, փորձում է նոր թափ հաղորդել հակաեկեղեցական արշավին՝ այդ բնույթի հայտարարությունները դարձնելով ներքաղաքական քննարկման թեմաներ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այս նպատակաուղղված արշավին միացել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ կիրառելով խոսք և բառապաշար, որոնք անցնում են ոչ միայն պետական պաշտոնյանի վարքի, այլև մարդկային և բարոյական պատշաճության բոլոր սահմանները։

Հիշենք, որ հակաեկեղեցական այս արշավը սկիզբ առավ այն պահից, երբ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Շվեյցարիայում անցկացվեց միջեկեղեցական համաժողով, որտեղ Նորին Սրբությունը հանդես եկավ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, Արցախի քրիստոնեական ժառանգության պահպանման հրամայականով, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի պահանջով։

Փոխանակ սատարելու այդ միջազգային կարևոր հարթակում հնչեցված հայանպաստ դիրքորոշումները՝ Հայաստանի իշխանությունները նախընտրեցին հարվածի տակ առնել միակ համազգային հաստատությունը՝ Եկեղեցին և նրա ազգընտիր առաջնորդին։ Փոխանակ շնորհակալություն հայտնելու Նորին Սրբությանը, ընտրեցին անձնական վիրավորանքներն ու մեղսագրումները՝ փորձելով լռեցնել Հայոց Հայրապետին, ում ձայնն այսօր հնչում է այնտեղ, որտեղ լռում են ՀՀ պաշտոնյա հռետորները, և դուրս մղել հասարակական և պետական կյանքից։

Հատկանշական է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի զուսպ, հավասարակշռված և ազդու արձագանքը փշրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկման իշխանական ծրագրի ընթացքը։ Սակայն իշխանությունը չցանկացավ հանձնվել և հիմա, այլ պաշտոնյաների ներգրավմամբ, փորձ է անում նոր թափ հաղորդել այս արշավին՝ հակաեկեղեցական հայտարարությունները դարձնելով ներքաղաքական քննարկման թեմաներ և մոռացության տալով մեր երկրի առջև ծառացած անվտանգային լրջագույն խնդիրները։

Որևէ ողջամիտ պաշտոնյա, անկախ իր կրոնական կամ աշխարհայացքային պատկանելությունից, չի կարող իրեն թույլ տալ նման վիրավորական վերաբերմունք եկեղեցական առաջնորդի նկատմամբ։ Իսկ եթե որևէ մեկը հայտարարում է, թե Հայ Եկեղեցու անդամ է, ապա առավել ևս պարտավոր է նվազագույն հարգանք ցուցաբերել այդ Եկեղեցու առաջնորդի հանդեպ։ Հակառակ դեպքում նման դիրքավորումը դառնում է կեղծիք և մոլորեցնող դիմակ, և այդ անձը ինքն իրեն դուրս է դնում այդ Եկեղեցուց։ Ակներև է, որ այս պաշտոնյաները չունեն անգամ նվազագույն պատկերացում Հայ Եկեղեցու պատմության, նվիրապետական կարգի, կառուցվածքի և նրա դարավոր առաքելության մասին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հակառակ դեպքում, ամենաուժեղ արտաքին ազդեցության ներքո անգամ, փորձ չէին անի սկսել այս պառակտման տանող գործընթացը՝ արժանանալով մեր ժողովրդի արդար ցասմանը։

Ուստի դատապարտելով Հայոց Հայրապետի դեմ սկսված այս արշավը՝ հորդորում ենք, որ ամեն մարդ, որ անպատասխանատու ամբարտավանությամբ է խոսում, թող հիշի սաղմոսերգուի խոսքը, որ ասում է. «Տերը թող կործանի նենգավոր շրթունքները, և մեծախոս լեզուները, որոնք ասացին. «Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, արդ, ո՞վ է մեր տերը» (Սաղմ. 11։3-5)»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։