6 հունիսի 2025 - 13:26 AMT
Հարությունյան․ Եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա։

Խոսելով հոգևորականների թեմայով բարձրացված հարցերի մասին՝ Հարությունյանը պարզաբանել է, որ այդ քննարկումները օրակարգ են գալիս տրամաբանական հաջորդականությամբ, հայտնում է ilurer.am-ը։

«Երբ մյուս հարցերն իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ: Եկեղեցու հետ կապված՝ մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին, ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որն արվել է»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Լրագրողի ճշգրտող հարցին՝ արդյոք խոսքը վերաբերում է անձնական կյանքի միջամտությանը, Հարությունյանը պատասխանել է՝ նշելով, որ անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել։

«Անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են նույն ինստիտուտի՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում՝ կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ, և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալո՞ւ են իրենց պատասխանները՝ դրական թե բացասական, այո՞, թե՞ ոչ»,–ասել է նա։

Երբ նրան հարցրել են, արդյոք նման քննադատությունը վնասում է թե՛ Եկեղեցուն, թե՛ պետության հեղինակությանը, Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունը կարծում է՝ նման քննարկումները միայն նպաստում են Եկեղեցու՝ որպես ինստիտուտի առողջացմանը:

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի իշխանությունը, եթե Եկեղեցին չարձագանքի, Հարությունյանը պարզաբանել է, որ ցանկացած գործողություն կիրականացվի օրենքների և Սահմանադրության շրջանակում՝ գործադիր մարմնի իրավասությունների սահմաններում:

Նա հրաժարվել է կոնկրետ անուններ նշել՝ ընդգծելով, որ մտադիր չէ որևէ անձի անձնական կյանքում խառնվել:

Հարցին՝ արդյոք սա կարելի՞ է համարել արշավ Եկեղեցու դեմ, Հարությունյանը մերժել է նման ձևակերպումը՝ շեշտելով, որ «Եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա»:

Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք իշխանությունը անհանգստացած է Եկեղեցու հնարավոր ազդեցությամբ ընտրական գործընթացների վրա՝ հաշվի առնելով նրա բարձր հեղինակությունը, Հարությունյանը արձագանքել է, որ նման պնդումներ հաճախ են հնչում վերջին զարգացումների ֆոնին:

«Ուզում եմ ձեզ մի բան ասել՝ այդ սոցհարցումները, որոնք արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունն ինչ նկատի ունի: Ես 100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել՝ եթե դուք՝ որպես զուտ ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ, եկեղեցական, տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող անունները դնեք այդ հարցման մեջ, կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ:

Մի բան էլ եմ ուզում ավելացնել՝ 2021-ին ամբողջ Եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, քարոզում էր ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»: Եվ հանրությունը գնաց և իր պատասխանը տվեց կաթողիկոսին և իր սպասավորներին:

Այն ժամանակ Եկեղեցու նկատմամբ վստահությունը՝ որպես ինստիտուտի, պակաս չէր, քան 2024 թվականին»,- ասել է Հարությունյանը՝ ընդգծելով՝ պետք չէ խառնել ինստիտուտը և եկեղեցականներին:

Նա վստահություն է հայտնել, որ եթե անցկացվի հարցում եկեղեցականների վերաբերյալ, արդյունքները էականորեն կտարբերվեն ինստիտուտի հանդեպ վստահության ցուցանիշներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։