Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի։
Պատվիրակությունըծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Sputnik Արմենիան։
Ինչպես Հաղթանակի զբոսայգում, այստեղ ևս Մատվիենկոյին ուղեկցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ Մատվիենկոյի և Սիմոնյանի միջև։
Պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։
Հունիսի 6-ին նա և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի բացմանը։ Նույն օրը Սիմոնյանն ու Մատվիենկոն ներկա կլինեն նաև ռուս–հայկական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի աշխատանքներին։